National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.02.2023
Անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ կնախատեսվեն
1 / 3

Գործող կարգավորումներով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումների նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով օրենքում առաջարկվող կարգավորումները, տեղեկացրել է, որ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է 10-15 տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչեւ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղագործությունները կամ ԶԼՄ-ները կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա կարող է սպառնալ 2-5 տարի ժամկետով ազատազրկում:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանն անդրադարձել է «ինքնիշխանություն» հասկացության էությանն ու իրավական ձեւակերպումներին` նշելով, որ պետության ինքնիշխանությունը նրա քաղաքական իրավական հատկությունն է, որն արտահայտվում է երկրի ներսում պետական իշխանության գերակայությամբ եւ արտաքին հարաբերություններում անկախությամբ: Պետության ներքին ինքնիշխանությունն արտահայտվում է պետության գերակայությամբ եւ լիիշխանությամբ քաղաքական համակարգի այլ կազմակերպությունների նկատմամբ:

Պատգամավոր Լիլիթ Մինասյանը կարծիք է հայտնել, որ ինքնիշխանությունն անսակարկելի արժեք է, եւ այս նախագծի նպատակն օրենսդրական դաշտը բարելավելն է: Պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ նշել է, որ  նման օրենքներով անհրաժեշտ է բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, քանի որ կան պետություններ, որոնց ձեռնտու չէ հայկական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ մեր երկրում կան գործակալական կառույցներ: Նրա գնահատմամբ այս օրենքից բացի անվտանգության ծառայությունները եւս պետք է աշխատեն այս ուղղությամբ:

Ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Արծվիկ Մինասյանը կարծիք են հայտնել, որ «ինքնիշխանություն» հասկացությունը պետք է առավել հստակ սահմանվի: Արծվիկ Մինասյանի համոզմամբ ինքնիշխանության քրեաիրավական պատասխանատվության հարցն այնքան հստակ ու իրավական որոշակիության պահանջներին բավարարող պետք է լինի, որ որեւէ մեկը՝ կլինի իշխանություն, ընդդիմություն, թե դրսից հրահրված անձ, չփորձի ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել: Պատգամավորը տեղեկացրել է, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, քանի որ առաջարկվող ձեւակերպումն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի:

Փոխնախարար Լեւոն Բալյանն օրինագծի բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Քվեարկության արդյունքում օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am